Մամուլ

Երևանում ավտոմեքենա է այրվել. 6 վիրավորից 5-ը վերակենդանացման բաժանմունքում է

Օգոստոսի 6-ին՝ ժամը 14:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը․ վարորդը և հինգ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Այրվածքաբանության ազգային կենտրոնից «Լուրեր»-ին տեղեկացրել են, որ 6 վիրավորից 3-ը անչափահաս է: Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում է, 1-ը՝ հիվանդասենյակում:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 5 վիրավորից 3-ը երեխա է: