Մամուլ

Գետք գյուղի ջրային տարածքում ջրահեղձ եղած տղամարդը՝ 45 տարեկան էր

Oragir.News-ի տեղեկություններով` այսօր Շիրակի մարզի Գետք գյուղի ջրամբարում 45-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել. նա գյուղի հովիվն էր։

«Օրվա երկրորդ կեսին է դեպքը տեղի ունեցել, ժամը 15։00-ի սահմաններում։ Գետք գյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում։ Աշոտ Մանուկյանը գյուղի հովիվն էր, երկար տարիներ էդ գործով էր զբաղվում։ Աշոտը 45 տարեկան էր, ամուսնացած չէր, ապրում էր մոր և եղբոր հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է մեր աղբյուրը, ում խնդրանքով անուն ազգանունը չենք հրապարակում։

Ջրահեղձ եղած տղամարդը զովանալու համար մտել է ջուրը, հետո ոտքը սահել է և սուզվել։

«Նման դեպք դեռ մեր գյուղում չի եղել, որ ջրամբարում մարդ խեղդվի»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: