Վարդաշենցիները կրկին բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ․ ինչի՞ց են բողոքում
Վարդաշենի 4-րդ կարգի վթարայնության հանրակացարանի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի 9 փողոցի 70–րդ շենքի` այսպես կոչված «մուլտերի հանրակացարանի» 18 սենյակների բնակիչները պահանջում են բնակպայմանների բարելավում։
Ասում են՝ բոլորը խոստանում են ու խաբում իրենց։ Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խորհրդակցությունների ժամանակ լսել են, թե ինչպես է քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական ղեկավար Հակոբ Բալայանին հանձնարարում գնալ և տեղում խնդիրներին ծանոթանալ։ Սակայն Բալայանը ո՛չ եկել է, ո՛չ զրուցել իրենց հետ։
«Մարդ ենք, չի կարելի սենց, ինչքան կարող ենք էս օձերի մեջ ապրել։ Արդեն տարբերում ենք իժը, գյուրզեն, շախմատը, մի տարեկան երեխա ենք մեծացնում էնտեղ, քնում ենք, չգիտենք՝ կզարթնենք, թե չէ։ Նստում ենք տունը, կռիսները գնում-գալիս են, չեն էլ վախենում արդեն։ Մեզ ամեն անգամ խաբում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Շեշտում են՝ խոսքն ընդամենը 18 ընտանիքի մասին է, որոնց բնակպայմանները մինչև այսօր չեն կարողանում բարելավել։
«Ընտրությունների ժամանակ իրենց մեքենաներն անցնում են մեր փողոցով, բայց տաքսիներով որ գալիս ենք, 500 մետրի վրա իջեցնում են, ասում են՝ չեմ կարող էդտեղ մտնել, կոտրել մեքենաս»,- ասաց բնակիչներից մեկ ուրիշը։