ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan»-ում պայթյուն է առաջացել, երբ բենզին լցնելու պահին մեքենայում գտնվող տղամարդը ծխախոտ է վառել
Shamshyan.com-ը հուլիսի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արցախի փողոցում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով 2 հոգի ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրապարակման օրը տեղեկացրել էինք դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած տեղեկությունը, որը նաև որպես իրականություն ընդունել էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները։
Հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com-ը նոր փաստեր է ձեռք բերել, ինչպես նաև՝ տեսախցիկի կողմից արձանագրած պայթյունի պահը՝ տեսաձայնագրությամբ։
Այդ ընթացքում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը։ Նրանք են Արմավիրի մարզում հաշվառված 21-ամյա Հարություն Ղ․-ն, ում վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գառնիկ Մ․-ն, ում վիճակը նույնպես գնահատվել է միջին ծանրության։
Նշված անձիք «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Այրվացքաբանության ազգային կենտրոն»։
Պարզվել է նաև, որ այդ օրը ժամը 19։50-ի սահմաններում նշված գազաբենզալցակայան են այցելում «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, ովքեր գազը լիցքավորելուց հետո դուրս են գալիս գազի համար լիցքավորման հատվածից և առաջ ընթանում ու այնտեղ արդեն կայանում են ավտոմեքենան՝ բենզինի համար լիցքավորող սարքի մոտ, ու մինչ աշխատակիցը կլիցքավորեր ավտոմեքենան՝ սրահում գտնվող վիրավորներից մեկը ծխախոտ է վառում, ինչից առաջանում է պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը, որով ակնհայտ երևում է, թե ինչպես են նշված անձինք գազը լիցքավորելուց հետո մոտենում բենզինի լիցքավորման համար նախատեսված սարքին և ավտոմեքենայի մեջ վառում ծխախոտ, որով նաև հերքվում է այն կարծիքը, թե ավտոմեքենան պայթել էր գազ լիցքավորելու ժամանակ։