Դուք ո՛չ պահի լրջությունն եք հասկանում, ո՛չ էլ ձեր դերն այս ամենի մեջ․ պրոդյուսերը կոչ է արել հայտնիներին աջակցել Սամվել Կարապետյանին
Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Զառա Մխեյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ կոչ անելով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին անտարբեր չմնալ վերջինիս շուրջ կատարվող իրադարձություններին։
«Գրում եմ հույզերի մեջ խեղդված ու ընկճված այնքան, որ ոչ մի բառով չեմ կարող փոխանցել։
Նախ սկսեմ նրանից, որ շոու բիզնեսում 30-ամյա գործունեության ընթացքում Սամվել Կարապետյանից ոչ մի ֆինանսական աջակցություն չեմ ստացել և չեմ ակնկալել, ոչ մի գործնական կամ անձնական շփում չեմ ունեցել նրա հետ։ Սա կարևոր է, քանի որ, վստահ եմ, երկիմաստ մեկնաբանությունների պակաս չի լինի։
Գրում եմ պարզապես որպես հայ, ռուսաստանաբնակ հայ, ով տեղյակ է Ռուսաստանում և Ռուսաստանի հայերի շրջանում Սամվել Կարապետյանի գործունեության մասին։
Սակայն, նպատակս բուն Սամվել Կարապետյանի հետ կատարվածը մեկնաբանելը չէ, այլ՝ չափազանց ցավալի, ես կասեի նողկալի իրականությանն անդրադառնալը։
Խոսքս ուղղում եմ հայկական շոու բիզնեսի, այսպես կոչված, «աստղերին»։ Լսե՛ք, դուք արժանապատվություն չունե՞ք, դուք երախտագիտության զգացում, սատարելու, կարեկցելու, այլ մարդկային տարրական որակներից զո՞ւրկ եք։ Մի՞թե գիտակից, առողջ դատողությամբ մարդը կարող է այդչափ անսիրտ լինել ու անվրդով հետևել զզվելի տեսարանի մի մարդու շուրջ, ում շնորհիվ ունեցել եք Ռուսաստանի լավագույն բեմերում ելույթ ունենալու, կլորիկ գումարներ վաստակելու բազմաթիվ հնարավորություններ, ում բարեգործության շնորհիվ կարողացել եք իրագործել լուրջ նախագծեր՝ այդ թվում անձնական։ Իսկ այսօր փակ աչքերով ու լուռ նստած հետևում եք։ Լավ, մինչև ե՞րբ, ե՞րբ։ Դուք գոնե հասկանում ե՞ք որպես «աստղեր» ի՞նչ առաքելություն ունեք։
Դուք հասկանում ե՞ք, որ հասարակությունը նաև ձե՛ր երեսին է նայում, իսկ դուք գլուխներդ կախ, երես չունեք, որ ցույց տաք, ասելիք չունեք, որ խոսեք, որովհետև ոչ պահի լրջությունն եք հասկանում, ոչ ձեր դերը այս ամենի մեջ։ Ու ձեր խնդիրը հենց դա՛ է։ Դուք երախտամոռ, անսկզբունք և եսասեր էակներ եք։ Ես ձեր փոխարեն ամաչում եմ, այո՛։ Վստահ եմ, տեղյակ եք, թե Ռուսաստանի շոու բիզնեսի (և ոչ միայն) քանի ներկայացուցիչ ելույթով հանդես եկավ ի զորակցություն Սամվել Կարապետյանի, հղելով ջերմ ու գոտեպնդող խոսքեր։ Լավ, դուք տարրական պատվի զգացում էլ չունե՞ք։ Միթե այնքան կաշկանդված ե՞ք, որ հայ մարդուն, այն էլ այն մարդուն, ում շնորհիվ ձեռքբերումներ եք ունեցել, չեք կարող գոնե աջակցություն հայտնել։ Թե՞ վախենում եք զրկվել ձեր «մուղամները» կատարելու միջոցով գումար վաստակելու հնարավորությունից։ Ես չեմ հասկանում և չեմ ընդունում ո՛չ մի պատճառաբանություն, ո՛չ մի։ Ամոթ ձեզ, հազար ամոթ։ Ցանկացած մեծահոգի մարդ, առավել ևս «աստղ», այսօր պետք է բարձրաձայներ կատարվածի դառնության մասին և հասարակությանը ներկայացներ իր դիրքորոշումը։
Սիրտս անասելի ցավում է այն մտքից, որ հայ մշակույթի գործիչները այլևս միայն վաճառականի հոգեբանությամբ են առաջնորդվում և չունեն այն գիտակցումը, որ իրենք պարզապես գումարի դիմաց ելույթ ունեցող չեն, իրենք հայ ժողովրդի նկատմամբ այլ պարտավորություն ևս ունեն․ այն է՝ սերմանել բարձր արժեքներ, բարեգթության և սրտացավության օրինակ լինել, լինել ազնիվ սեփական մտքերի և սրտի հետ։
Հույս չունեմ, թե տողերս ինչ-որ բան կփոխեն ձեր մեջ, քանզի առանց դրա դուք պետք է ձեր ասելիքը հնչեցնեիք դեռ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածի ժամանակ։ Բայց դուք լուռ եք, իսկ ես չեմ կարող հաշտ լինել այս իրավիճակի հետ։
Ուշքի եկե՛ք, բա՛վ է»։