ՄամուլՏեսանյութ

Տանտերը պատուհանից հանել է կնոջն ու 2-ամյա երեխային, մյուսներին չի հասցրել հանել. նոր մանրամասներ հրդեհից

Նոր մանրամասներ են հայտնի կեսգիշերին Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) տեղի ունեցած ողբերգական դեպքից։

Հարևանները News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ տան հրդեհից մահացել են 1 տարեկան 2 ամսական տղա երեխա եւ նրա երկու տատիկները։

Հարեւանները պատմեցին, որ ընտանիքը վարձով էր բնակվում շուրջ 6 ամիս։ Այս տանը բնակվել են երիտասարդ ամուսինները իրենց երկու տղաների հետ։ Ընդ որում, կինը հղի է, երկու շաբաթից պետք է երրորդ երեխան ունենան։ Մահացած կանայք ամուսնու եւ կնոջ մայրերն են եղել։

«Նախնական պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունի հետեւանքով, քանի որ պայթյունի ձայն է լսվել։  Իրենք շուտ վազել են դուրս, ամուսինը պատուհանից կնոջը եւ 2 տարեկան տղային դուրս է հանել։ Հետո ցանկացել է մտնել ներս, որ դուրս բերի նաեւ փոքրիկին ու տատիկներին, բայց արդեն կրակը շատ ուժեղ է բռնկվել, նրանք մնացել են ներսում ու երեքն էլ մահացել են»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած կեսգիշերին՝  ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։

Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։