ՄամուլՄշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Լուրը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունից։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գուժ Մանուկյանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է Հայաստանի թատերական գործիչների միության հաղորդագրության մեջ:

Գուժ Մանուկյանի լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Կինոյում նկարահանվել է 1964 թվականից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։

Գուժ Ալեքսանդրի Մանուկյան ծնվել է 1937 թվականի մայիսի 6-ին Լենինականում։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը ստացել է 1980 թվականին:

Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։