Սևանում ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորելիս պայթել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանում կայանված «Hyundai Elantra», «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավոր չեն եղել, քանի որ երբ ավտոմեքենան մտել է լիցքավորման, լիցքավորողը թե՛ վարորդին, թե՛ ուղևորներին ըստ կարգի հրահանգել է, որպեսզի հեռանան ավտոմեքենայի մոտից, ինչը նրանք արել են, հակառակ դեպքում ինչպես Հանրապետությունում գործող մի քանի գազալցակայաններում է լինում, լիցքավորելիս վարորդը փորձում է մնալ ավտոմեքենայի մոտ:

Այս դեպքում լիցքավորողը պահպանել է անվտանգության կաննոները, իսկ պայթյունի պատճառը պարզելու համար քննիչի որոշմամբ արդեն նշանակվել է փորձաքննություն:
Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ նշված գազալցակայանում դարձյալ պայթյուն էր տեղի ունեցել: