Մամուլ

Մի շարք թռիչքներ հետաձգվել են դեպի Երևան

Թեհրանին իսրայելական ավիահարվածների հետևանքով չեղարկել և հետաձգվել են մի շարք թռիչքներ:

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից, չեղարկվել են FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան և Երևան-Դուբայ FZ 718 և FZ 717 չվերթերը,  Armenia airways ընկերության՝ Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան 6A 222 և 6A 221 չվերթերը, FlyOne ընկերության Թել Ավիվ-Երևան 3F 874 չվերթը:

Նշենք, որ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։

Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։

Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։

Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք և երեխաներ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Իրանական Mehr և Isna գործակալությունները հաղորդել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: