ՄամուլՏեսանյութ

Անհայտ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից:

Անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել՝ 1Lurer.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ասաց.

«Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»:

Նշենք, որ երեկ Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արք. Քարամյանի, Կարմիր Կիրակիի Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Սահակ քհն. Սահակյանը։

Սուրբ Պատարագին ներկա էին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։ Սրբազան Հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք` կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով։