Սոթքի և այլ ուղղություններով զորքերի տեղաշարժ չկա․ ՊՆ
Սոթքի և այլ ուղղություններով զորքերի տեղաշարժ չկա․ ՊՆ
«Ադրբեջանական զորքերի տեղաշարժ ու կուտակում չենք դիտարկում»: Այս մասին նշել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդագրություն է տարածել նշելով․
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»: