Ովքե՞ր են Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալված անձինք
Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության՝ չորս և Լիտվայի Հանրապետության՝ մեկ քաղաքացի։ Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 1-ին՝ ժամը 21.32-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։
Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: