ՄամուլՏեսանյութ

Երևանի մուտքի մոտ 43-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 06։40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Համլետ Հ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում, Կոտայքի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել, ոչ թե Կոտայքի մարզում, այլ Երևան քաղաքի վարչական տարածքում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է չլուսավորված, բացակայում էր արտաքին լուսավորությունը, անգամ դրա համար նախատեսված սյուները չկային։

Կիսվեք էջում