5 տարի առաջ Ռուսաստանում պայթյունից մահացավ Երևանի նախկին ոստիկանապետը․ ինչ էր կատարվել
Armlur.am-ը գրում է․ 5 տարի առաջ այս օրը՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, Մոսկվայում կասկածելի հանգամանքներում մահացավ Մարտի 1-ի գործով վկա ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Մինչ օրս առեղծված է մնում նրա մահը: Բանն այն է, որ 2019 թվականին կասկածելի հանգամանքներում մահանում էին Մարտի 1-ի գործով անցնող անձիք:
Ռուսական լրատվամիջոցների արձագանքը․
2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետևանքով:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է նաև ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մորեղբայրը։
Ռուսաստանում երկու մարդկանց մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ աշխատանքային պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին , որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել։
Ինչ ճանանարհ էր անցել Աշոտ Կարապետյանը
49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին,որ Կարապետյանը Մարտի մեկի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: Մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հետընտրական իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել. – «2008թ. փետրվարի 29-ի միջոցառում կոչված «տեղանքի զննություն» օպերացիան և դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ, նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, այնուհետև ոստիկանությունում, մենք գիտենք, ինչ իրավիճակ է եղել այդ ժամանակ զենքերի հետ կապված, օպերացիան իրագործելու հետ կապված և ժողովրդի դեմ նախահարձակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումները և բուն դրա իրագործումն է։
Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա՝ նա ևս առնչվել է այն ամենին, ինչ որ առավոտվա գործողություններում առկա են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ», – ասել էր նա։