Տարիներով եթերում կատարվողը պետք է բերեր այս այլանդակությանը
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցը հասել է Գլխավոր դատախազություն:
Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ստացել են ներկայացված դիմումը և սահմանված կարգով ընթացք տվել դրան:
Ֆիլմը, որտեղ մանկահասակ երեխաները փողոցային բառապաշարով, քրեական ենթամշակույթին հատուկ վարքուբարքով փորձում են ուժով, ծեծով ու դանակով հարցեր լուծել, զայրույթի ու անհանգստության մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում. չուշացավ նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը, որն էլ հարցի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացրել և դիմել Դատախազություն:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում կարևորում է ԿԳՄՍ նախարարության քայլը և նույնիսկ համարում այն փոքր-ինչ ուշացած:
Վարդանյանի ֆիլմում ներկայացվողը, ըստ մշակույթի գործչի, պարզապես հանցագործություն է հասարակության բարոյականության նկատմամբ:
Վերջինս հրաժարվում է կարծիք հայտնել Գոռ Վարդանյան ռեժիսորի և դերասանի մասին: Միայն ասում է, որ ֆիլմերում նկարահանվող ամեն մարդ չէ, որ դերասան է, և ամեն ֆիլմ նկարող չէ, որ ռեժիսոր է: