«Այսօր թոռնիկս ինձ հարց տվեց՝ ո՞ւր է իմ պապան, ես հիմա ինչ պատասխանեմ նրան»
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյան-Օհանջանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ասում է․
«Իր լինելն արդեն իսկ մեծագույն չարիք ու վտանգ է մեր պետության համար։ Ինքան նա երկար մնաց իշխանության, այնքան ավելի հավանական կդառնա մեր պետության չգոյությունը։ Ամեն անգամ նոր հնարավորություն է ստեղծում թշնամու համար, որ Հայաստան գոյություն չունենա։ Անգամ Ադրբեջանը չունի այսքան ադրբեջանամետ հերոս, ինչպես Նիկոլ Փաշինյանն է։ Նա Հայաստանում անգամ չպետք է գերեզման ունենա։
Իմ որդին կամավորական էր, ով հայրենիքը գերադասեց իր որդուց, կնոջից ու ծնողներից։ Նա իր կյանքը տվեց, որ հայրենիքը շարունակի ապրել, հայը շարունակի ապրել, այլ ոչ թե անպատիվ գոյատևել։ Ցավոք այնպես արեցին, որ և՛ որդուս կորցրի, և՛ հայրենիքս։
Ինձ թվում է՝ մեր երկրում հայ չի մնալու։ «Յան» ազգանունով մարդիկ լինելու են, բայց արդեն ոչ իսկական հայ։ Լսելով Փաշինյանի հայտարարությունները, շատ վատ բան եմ կանխազգում, ինչի մասին չեմ ցանկանում խոսել։ Դա վերջը կլինի։
Պատերազմն այնպիսի բան է, որ առանց զոհերի հնարավոր չէ, բայց այդքան զոհ տալուց հետո գոնե այս վիճակում չպետք է լինեինք։
Այսօր թոռնիկս ինձ հարց տվեց՝ ո՞ւր է իմ պապան, ես հիմա ինչ պատասխանեմ նրան, Նիկոլ։ Պատկերացրեք դեռ ինչքան նման երեխաներ կան։ Ո՞վ է պատասխան տալու»,- նշեց նա։