Աղջիկս մեր դրոշով 3 անգամ բեմ բարձրացավ, ու հիմա ինձ անվանում են խաբեբա․ Սոֆիայի մայրը՝ Նոր Նորքի թաղապետին
Oragir.news-ը գրում է․ 8-ամյա հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի չեմպիոն և հրավեր է ստացել մասնակցելու Աշխարհի շախմատի առաջնությանը, սակայն մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բացակայում են։
Պատանի շախմատիստուհու ծնողները, լինելով համեստ ընտանիքից, այս տարի պարտքով կազմակերպել են երեխայի մասնակցությունը 3 մրցույթի։ Եվ հիմա էլ հանգանակություն են հավաքում, որ Սոֆիա Բաղրամյանը կարողանա մասնակցել Իտալիայում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը։
Ակնկալվում էր, որ իշխանությունները համարժեք կարձագանքեն այս խնդրին և կմիանան հանգանակությանը։ Սակայն Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հանդիմանել է Սոֆիայի ծնողներին, հայտարարելով, թե երեխայի մրցույթի համար անհարաժեշտ գումարը վաղուց վճարված է։
«Մի զբաղվեք խաբեությամբ, Ձեր երեխայի գումարը վճարված է վաղուց»,- գրել է թաղապետը։
Մայրը՝ Նոնա Վարդանյանը, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ նա, աշխատելով միաժամանակ 3 տեղ, սեփական միջոցներով հոգացել է բոլոր ծախսերը։
«Հենց այսօր եմ պարտքով վերջին գումարը վճարել, վերջում ստացվում է, որ մենք խաբեբա ենք։ Ամեն վճարում իմ անունով է եղել։ Իմ աղջիկը մեր դրոշով 3 անգամ բեմ բարձրացավ, ու հիմա ինձ անվանում են խաբեբա։ Ո՞նց է թաղապետը առանց ամաչելու նման բան գրում։ Որպես ապացույց էլ ինձ ուղարեկել են հյուրանոցի վճարը։ Չեք պատկերացնի, թե ինչ վիրավորական է»,- ասաց նա։
Ծնողը սրտնեղած է։ Ասում է՝ ավելի լավ է երեխաս չմասնակցեր։
Նոնա Վարդանյանի խոսքով՝ Սոֆիան արդեն 5 տարի է՝ զբաղվում է շախմատով։ Լինելով 8 տարեկան, արդեն բավական մեծ հաջողություններ է գրանցել։
Ծնողը նաև պատմեց, որ ադրբեջանցի մրցակիցները մրցումների ժամանակ իր երեխային ճնշել են, բղավել, անգամ հրել, գցել հատակին։
Հիշեցնենք, որ ներկայումս բացված է GoFundMe հանգանակություն, և դեռևս բավարար միջոցներ չեն հավաքել։
Հավելենք նաև, որ Իտալիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է 3365 եվրո։ Ցանկացած նվիրատվություն կօգնի իրականացնել տաղանդավոր Սոֆիայի մասնակցությունը նոյեմբերյան մեծ մրցաշարին։