Uncategorized

7 վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Երեխաներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով, 2-ին էլ քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մյուսներին՝ շտապօգնության ավտոմեքենաները։

վիրավորներ

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։ Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից 4-ին Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխեցին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Կիսվել