44-օրյա պատերազմի հերոս Արեն Հովհաննիսյանի մասին պատմելիս կուրսղեկը չի կարողանում զսպել արցունքները
44-օրյա պատերազմի հերոս Արեն Հովհաննիսյանի մասին պատմելիս կուրսղեկը չի կարողանում զսպել արցունքները
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցը։ Արեն Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից էր։ Երկու ամիս էր, ինչ զորակոչել էր բանակ։
Oragir.News-ը զրուցեց հերոս Արենի կուրսի ղեկավար, դերասանուհի Աննա Գևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, թե 4 տարի առաջ, այս օրը ինչպես է իմացել ողբերգական լուրի մասին։
«Այնքան ծանր էր դա։ Մեր քոլեջից մի աղջիկ զանգահարեց, ասաց՝ ընկեր Գևորգյան, Արենի հետ խոսե՞լ եք։ Սկզբում ոչինչ չկասկածեցի, բայց հետո համացանցում տեսա, որ հարձակվել են սահմանին, որ պատերազմ է։ Մի քանի րոպե անց տեսա, որ բոլորը գցել են Արենիս նկարն ու գրել․ «Աստված հոգիդ լուսավորի»։
Իմ տղան էլ էր ծառայության մեջ։ Ես այնպես գոռացի ու լացեցի, որ տանեցիներս մտածեցին՝ մեր տղային է բան եղել։ Գոռում էի «իմ ուսանողը, իմ ուսանողը զոհվել է»»,- պատմում է հերոսի կուրսի ղեկավարը։
Արեն Հովհաննիսյանի մասին հիշելիս, տիկին Գևորգյանը չի կարողանում զսպել արցունքները։
«Արենս տղամարդ տղա էր։ Երեք ընկեր էին, նրանց անունը դրել էի «Երեք հրացանակիրներ»։ Միշտ ուշացած էին մտնում լսարան։ Արենը իսկական լիդեր էր։ Նրան բոլոր կուրսերը ճանաչում էին։ Պատվով տղա էր։ Սիրում էր, երբ իրեն պատիվ էին տալիս։ Հոգեհանգստի ժամանակ ես նրան պատիվ տվեցի ու ասացի՝ Արեն ջան, դու սիրում էիր, որ քեզ պատիվ էին տալիս, ես քեզ հիմա պատիվ եմ տալիս»,- հիշում է դերասանուհին։