6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են
6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են
Հայաստանում կենսաթոշակառուները հետվճար կստանան իրենց կատարած անկանխիկ գնումների 12 տոկոսի չափով՝ նախկին 10 տոկոսի փոխարեն։ Հետվճարի առավելագույն չափը կկազմի 6000 դրամ։ Որոշումն անկանխիկ գործարքների վրա տարածվելու է 2024թ․-ի սեպտեմբերի 1-ից։
Հետվճարի մեխանիզմը չի գործում կոմունալ ծառայությունների՝ գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայությունների դիմաց վճարումների դեպքում։
Oragir.News-ի հետ զրույցում թոշակառու Արաքսյա Հայրապետյանը նշեց, որ այս նախագիծը ոչ թե օգուտ է թոշակառուների համար, այլ՝ վնաս։
«Նախ՝ շատ դժվար է մեծահասակների համար հասկանալ՝ քարտից ի՞նչ են քաշում, ի՞նչ են թողում, ի՞նչ ա մնում, ինչքա՞ն ա մնում, օդի մեջ հաշվարկներ են։ Երկրորդն էլ՝ ամեն տեղ չի, որ աշխատում են էդ քարտերը։
Գնում ես, ասենք՝ բանջարեղենի խանութ, այնտեղ չի աշխատում, կարող ա՝ սուպերմարկետում աշխատում ա, բայց չես կարա ամեն ինչ սուպերմարկետից գնես, որովհետև շուկայից ու այլ խանութներից թանկ ա, իսկ ինձ պետք ա, որ էժան առնեմ, որ թոշակս հերիքի»,- ասաց նա։
Թոշակառուի գնահատմամբ՝ այս պարագայում ստացած հետվճարից ավելի շատ գումար են կորցնում։
«Էդ 5000 դրամ օգուտի փոխարեն կարող ա ես 10․000 դրամ կորցնեմ։ Դրա համար ճիշտ բան չի։ Ոչ բոլորին ա ձեռնտու։ Միգուցե աշխատողներին քարտով օգտվելը հարմար ա, բայց թոշակառուներին՝ ոչ։
Առաջ 5000 դրամն էր հետ գալիս, հիմա 6000 դրամն ա, բայց էդ 6000-ի դիմաց կոմունալները չի մտնում դրա մեջ։ Դա նորմալ երևույթ չի։ Էդ թոշակով էինք կոմունալները վճարում։ Մի խոսքով՝ հարմար չի, ճիշտ չի»,- նշեց թոշակառուն։