Երևանի կենտրոնում զինված տղամարդը ոստիկանների կողմից բերանքսիվայր հայտնվեց ասֆալտին (Տեսանյութ)
Երևանի կենտրոնում զինված տղամարդը ոստիկանների կողմից բերանքսիվայր հայտնվեց ասֆալտին (Տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան փողոցում գտնվող քաղաքացու մոտ մարտական ատրճանակ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Արշակ Մուրադյանի գլխավորությամբ։
Քանի որ օպերատիվ տվյալներով պարզվել էր, որ զինված տղամարդը գտնվում է մարդաշատ վայրում, ոստիկանները պետք է ցուցաբերեին հմտություն, որպեսզի կասկածյալը չզգար, որ ինքն է թիրախում։
Արդեն տեղում նրան մոտ 20 րոպե ոստիկանները վերցնում են իրենց հսկողության տակ ու երբ արդեն վստահ լինելով, որ հնարավոր է նրան վնասազերծել, Ա. Մուրադյանը կարողանում է ճիշտ ժամանակին վնասազերծել նրան. կարճ ժամանակում նրան օգնության են հասնում գործընկերներ ու կասկածյալն արդեն բերանքսիվայր հայտվում է ասֆալտին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, ինչպես նաև թիթեղյա փաթեթ, որի մեջ եղել է բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.2 գրամ քաշով։
Զինված տղամարդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Ն.-ն է, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և նրան փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան իր գործընկերների հետ վնասազերծած Ա. Մուրադյանը ճանաչվել է քրեական հետախուզության տարվա լավագույն օպերլիազոր։