Մամուլ

Բացահայտվել է Այգավանում կատարված սպանությունը․ անձը պատմել է, որ վրեժխնդիր է եղել

Բացահայտվել է Այգավանում կատարված սպանությունը․ անձը պատմել է, որ վրեժխնդիր է եղել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ գետնին ու ավտոտնակի դարպասներին հայտնաբերվել են արնանման հետքեր, գետնին՝ սև գույնի գլխարկ և այլ իրեր, ինչպես նաև՝ դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա՝ ծառի տակ՝ խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Անմիջապես սկսվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ, ինչի նպատակով նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նույն բնակավայրում հաշվառված, Երևան քաղաքում բնակվող 29-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է։

Քննությամբ պարզվել է, որ վերջինս, վրեժի շարժառիթով Մ. Հարությունյանին սպանելու դիտավորությամբ, 2024թ. օգոստոսի 29-ի երեկոյան ժամերից գտնվել է վերջինիս բնակության վայրի հարակից տարածքում և դարանակալած սպասել նրան:

haytnaberel

Ժամը 23:50-ի սահմաններում, Մ.Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-2115» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Մակուի փողոցում գտնվող բնակության վայր:

29-ամյա երիտասարդը դուրս է եկել դարանակալած վայրից և անմիջապես Մ.Հարությունյանի տան դիմաց, իր հետ նախապես վերցրած դանակով, առանձին դաժանությամբ, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։

Արդյունքում՝ Մ.Հարությունյանի առողջությանը պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքերի, պարանոցի կտրած վերքի, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Դրանից հետո տուժողին թողնելով անօգնական վիճակում գետնին ընկած՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել