Ծեծկռտուքը եղել է մի երգի պատճառով
Օգոստոսի 26-ին Աշտարակ քաղաք «Wine Corner Ashtarak» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եւ օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկի մասնակցությամբ։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքը եղել է մի երգի պատճառով, ռեստորանում այդ օրը «Hayat Project»-ը համերգ է տվել եւ ըստ երեւույթին՝ գողականների ցանկությամբ հնչել է գողականների սիրելի «Դոլյա վառավսկայա» երգը։ Մարզպետը, սակայն, ըմբոստացել է, փորձել է ընդհատել երգը՝ ասելով, որ իր ներկայությամբ նման երգեր չպետք է հնչեն, որ ինքն է մարզում ասողը ու իր խոսքը պետք է օրենք լինի։
Մարզպետի «հանդգնությունը» հունից հանել է գողականներին, նախ վիճաբանություն, ապա քաշքշուկ է տեղի ունեցել, մեզ պատմեցին, որ գողականները անխնա ծեծել են մարզպետին եւ իր հետ ներկաներին, ի դեպ, մարզպետի հետ է եղել նաեւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը։
Դեպքից հետո գողականները փորձել են հարցը իրենց դաշտում լուծել՝ առանց ոստիկանության, սակայն մարզպետը չի համաձայնել։ Ըստ լուրերի՝ վերջին օրերին՝ ՆԳՆ աշխատակիցները արտակարգ հերթապահություն են իրականացնում Օշական գյուղում, տասնյակ երիտասարդների են տարել, հարցաքննել, դեպքի մասնակիցներին եւս հարցաքննել ու բաց են թողել։