Մամուլ

Սևան քաղաքում վրաերթի է ենթարկվել 2 անչափահաս. քույրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտների։

Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, իսկ տղան տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վարորդը փախուստի չի դիմել, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։

sevan vraert

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մահացածն ու վիրավորը քույր ու եղբայր են։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել