Այս տեսակի մոծակն է հանդիսանում հավանական Արևմտյան Նեղոսի վարակի աղբյուրը
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․
«Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք. Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-6 օր է, որոշ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: Հոսպիտալացվել է 41 քաղաքացի, նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է, իսկ չորս բուժառուի մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունից արդեն իսկ գրանցվել է 1 մահ` 1938 թվականին ծնված տղամարդ, որն, ըստ աղբյուրի, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Վարակի հավանական աղբյուր նշվում են թռչունները: Փոխանցողն է` Culex pipiens մոծակը, նշվում է, որ վիրուսը փոխանցողի օրգանիզմում փոխանցվում է սերնդե սերունդ:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-6 օր է, որոշ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր: Առաջին կլինիկական նշաններն են` գլխացավ, մկանացավ, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում: Տարեցները և իմունային ընկճվածությամբ անձինք ունեն վարակի նեյրոդեգեներատիվ ձևի զարգացման ավելի մեծ ռիսկ: Հիվանդությունից հետո հիմնականում զարգանում է կայուն, երկարատև հետվարակային անընկալություն:
Նշենք, որ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են գրանցվել մարդկանց և կենդանիների մոտ Արևմտյան Նեղոսի տենդի արձանագրման նոր դեպքեր: Այսպիսով, 2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է ձիերի մոտ Արևմտյան Նեղոսի տենդի 4 օջախ։ Երեք օջախ հայտնաբերվել է Բրանդենբուրգում, ևս մեկ օջախ հայտնաբերվել է Սաքսոնիայում։
ԱՄՆ-ում Արևմտյան Նեղոսի տենդի 2024 թվականի առաջին դեպքը գրանցվել է Միչիգանում:
Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման առանցքային գործիքը փոխանցողի վերահսկումն է:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք կարող եք իրականացնել ձեր տանը և շրջակայքում` մոծակների կուտակման հնարավոր վայրերը չեզոքացնելու համար:
Պարբերաբար չորացրեք ջուրը և սրբեք ծաղկամանների տակամանները
Փակեք ջրի տարաները ամուր և հերմետիկ կափարիչներով
Մշտապես հետևեք, որ սառնարանների, օդորակիչների, ջրի հովացուցիչների տակ գտնվող տակամանները լինեն մաքուր և չոր
Շրջեք կամ ծածկեք այն իրերը, որոնք կարող են ջուր կուտակել, ինչպիսիք են` տակառներն ու խորը տարաները
Ծածկեք ջրի բաքերի արտահոսքի խողովակները, բայց թույլ տվեք, որ ջուրը դուրս հոսի
Համոզվեք, որ հեղուկ պարունակող պլաստիկ կամ ցանկացած այլ նյութից պատրաստված դեն նետված տարաները պատշաճ կերպով հեռացվում են»: