Լոռու մարզում ողբերգական ավտովթար է եղել․ մի հոգի տեղում մահացել է, կա 2 վիրավոր
Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Սպիտակի վարչական տարածքում բախվել են 2 «Mitsubishi», «Nissan Tiida» և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են մեկին «Սպիտակ», մեկին՝ «Վանաձոր» բժշկական կենտրոններ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գարիկ Ասատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։