ԱշխարհՄամուլ

Երևան ու Բաքուն խաղաղության պայմանագրից կհանեն մի խնդրահարույց հարց․ ինչի՞ կհանգեցնի

Jam-news-ը գրում է․ «Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը»,- հաստատել է պաշտոնական Երևանը Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը։

Ամիրբեկովը նաև նշել էր, թե Հայաստանը համաձայնել է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո գնալ նաև «խնդրահարույց» այլ հարցերի լուծման։ Մատնանշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերի հետկանչումը։ Հայկական կողմն այս հարցերի վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Հայաստանյան փորձագետներն ասում են՝ խաղաղության պայմանագրի նախագծից տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանելու պատճառ կարող է լինել այն, որ կողմերը չեն կարողացել հասնել փոխադարձ ընդունելի լուծումների։ Խոսքը գնում է նաև վերջին շրջանում հաճախ քննարկվող՝ միջազգային, օտարերկրյա մասնավոր ընկերության կողմից այդ ճանապարհի վերահսկողության իրականացման տարբերակի մասին։

Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք», ինչը ենթադրում է, որ այն պետք է լինի արտատարածքային և չվերահսկվի Հայաստանի կողմից։ Հայկական կողմի համար դա կարմիր գիծ է։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացել հաղորդակցությունները, սակայն գործընթացը պետք է կազմակերպվի երկրի իրավազորության ներքո։

ararat mirzoyan ilham aliev

Վերլուծաբանները շեշտում են՝ սահմանազատման, հիմա էլ ապաշրջափակման հարցերը պայմանագրից դուրս թողնելն ավելի թույլ է դարձնելու ստորագրվելիք փաստաթուղթը, ապագային են թողնվելու բազմաթիվ բաց հարցեր։

«Եթե ևս մեկ տարաձայնություն թողնենք, չենք կարողանա ավարտին հասցնել համաձայնագիրը»

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը օրերս հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Ամիրբեկովը նշել է, որ հասկացել են՝ տեսանելի ապագայում չեն կարողանա ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, «եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը»։

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկկողմ համաձայնությամբ որոշվել է այդ պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագայում։

«Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»,- նշել է նա։

Երևանի արձագանքը

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը շեշտել է, որ հաղորդակցությունների «արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»։

«Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել