Մամուլ

Դաստիարակը զղջացել է արարքի համար, հայտնել՝ պատրաստ է ներողություն խնդրել երեխայից եւ նրա ծնողներից

Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը (լուսանկարում), որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը. «Նա ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչպես ստացվեց, որ երեխային ծեծած կինը հայտնվեց ազատության մեջ ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նույնիսկ միջնորդություն չներկայացվեց: «Հասարակության մեջ եղած այն մոտեցումը, թե եթե անձի նկատմամբ չի ընտրվում ամենախիստ խափանման միջոց կալանքը, նշանակում է՝ անձը խուսափելու է պատասխանատվությունից, թերի պատկերացում է:

Փոքր Վեդիի մանկապարտեզ

Ըստ էության, գործ ունենք մի ապացույցի՝ տեսանյութի հետ, որի բովանդակությունը, ամենամեծ ցանկության դեպքում էլ մեղադրյալը՝ ազատության մեջ լինելով, չի կարող խեղաթյուրել: Ըստ էության՝ քանի որ հրապարակային եղավ երեխայի ծնողների դիրքորոշումը, որ բողոք չունեն, ինչը հայտնի դարձավ, երբ մեղադրյալը գտնվում էր անազատության մեջ: Մեղադրյալը չի կարող նաեւ ինքնանպատակ մղում ունենալ ապացուցման գործընթացին միջամտել, որ իր դեմ բողոք չներկայացվի:

Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելուն, քանի որ խոսքը վերաբերում է անձի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում ենթադրյալ հանցանքի կատարմանը, այլ ոչ թե առօրյա կենսագործունեության ընթացքում եւ նրա լիազորությունները կասեցված են, նշանակում է, որ չի կարող լինել ողջամիտ ենթադրություն, որ անձը՝ լինելով դրսում, կարող է նոր հանցանք կատարել: Անձն իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա, ամուսինը Հայաստանում չէ, մեկնել է արտագնա աշխատանքի:

Արդյոք այս անձը նոր հանցանք կանի՞, կթողնի՞ երեխաներին, փախուստի կդիմի՞ կամ կխոչընդոտի՞ նախաքննությանը, եթե կա այնպիսի ապացույց, որի բովանդակությունը խեղել հնարավոր չէ: Միանշանակ այս հանգամանքների համակցությունը բերում է այն հետեւության, որ որեւէ պարագայում ողջամիտ կասկած, որ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել իր պատշաճ վարքագիծը, չի կարող լինել»,- մեր հարցին այսպես պատասխանեց դաստիարակի պաշտպանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել