Մամուլ

«Ոսկե անիվ» ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է տղամարդու դի. փրկարարները մոտ 3 մետր բարձրությունից դին իջեցրել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 74 խումբը կանչով մեկնել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գործող «Ոսկե անիվ» ավտոմեքենաների տեխսպասարկման կետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված մարմին։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և խնդրել են, որպեսզի դեպքի վայր մոտենան փրկարարական ջոկատից, որ դին կարողանան իջեցնեն։

Փրկարարները մոտ 3 մետր բարձրությունից դին իջեցրել և մոտեցրել են դիատարին։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Տիգրան Մ․-ն էր։

Կիսվել