Նախկին փոխնախարարը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Գայանե Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է 2024 թվականի մարտի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչի օրինականությունն էլ նա վիճարկում է։
Գ. Գաբրիելյանը պահանջում է անվավեր ճանաչել Նիկոլ Փաշինյանի նշված որոշումը և որպես իրեն իր նախկին՝ ՀՀ Շրջակա միջավայրի տեղակալի պաշտոնում նույնությամբ վերականգնել, ինչպես նաեւ փոխհատուցել հարկադիր պարապուրդի գումարը ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 21.03.2024 թվականից մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով՝ ներառյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տուժանքները։
Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որն այն վարույթ ընդունելու ու նախնական դատական նիստ նշանակելու որոշում է կայացրել։