ՄամուլՏեսանյութ

«Նկար են ցույց տալիս, ասում են՝ քո՞ որդին է, ասում ես՝ չէ, ԴՆԹ-ն պարզում է՝ այո․ բա մենք ծնո՞ղ ենք»

«Վարդանը եկավ Սուրբ Վարդանանց եկեղեցու մոտ՝ Եռաբլուր։ Եռաբլուրում իրեն ասում են՝ ժպտերես տղա»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է Վարդան Զաքարյանի հայրը՝ Արթուր Զաքարյանը։ Հայրը նշում է, որ որդին շատ հայրենասեր է եղել ու ծնողասեր։

«Իմ հայրն ինձ սովորեցրել է, որ կան սուրբ բաներ, դա ընտանիքին է ու հայրենիքը։ Ես իմ որդուն նույնն եմ բացատրել, որ կա ընտանիք ու հայրենիք, այսինքն չկա ընտանիք առանց հայրենիքի, եթե հայրենիք չունես, ընտանիք էլ չունես։ Վարդանին 18 տարեկանում բանակ չտարան, առողջական խնդիրների պատճառով, ինքը գնաց, գրեց, որ իրեն տանեն բանակ, բայց քանի որ երիկամներում քարեր կար, չտարան։

Ինքը զինվորական շորեր շատ էր սիրում, ընկերների շորերն էր հագնում, նկարվում։ Զինվորական շոր էլ էր սիրում, հայրենիքն էլ էր սիրում, եթե հայրենիքը սիրում էր, ուրեմն ծառայությունից չէր փախչի»,-ասում է հայրը։

Վարդանն իհարկե ծառայությունից «չփախավ»։ 2020 թվականի օգոստոսի 31-ին զորակոչվեց բանակ և ընդամենը մի քանի օրվա զինծառայող էր, երբ թշնամին սանձազերծեց լայնածավալ պատերազմն Արցախի դեմ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Վարդանը, ինչպես շատ նորակոչիկներ, խաբել է ծնողներին՝ ասելով, որ ինքը չի մասնակցում մարտական գործողություններին, ապահով վայրում է։

«Երբ զանգում էր, հարցնում էի՝ ի՞նչ ես անում, ասում էր՝ նոր արթնացա։ Դե, մենք էլ մտածում էինք՝ 12 օրվա ծառայող է, երևի բունկերներ են տարել երեխաներին։ Բայց նրանք առաջին օրվանից եղել են առաջնագծում։ Իրենց հայրենիքի ու ընտանիքի համար գնացել են առաջ ու կռվել են մինչև վերջ»,-ասում է հայրը ու հիշում, թե ինչպես են Եռաբլուրում մոտեցել իրեն և պատմել որդու մասին՝ մարտի դաշտում։

Վարդան Զաքարյանը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին․ «Գիտեք՝ ինչ դժվար է, երբ նկար են ցույց տալիս, ասում են՝ քո՞ որդին է, ասում ես՝ չէ ու հետո ԴՆԹ-ն պարզում է՝ այո, բա մենք ծնո՞ղ ենք»։

Կիսվել