Որտե՞ղ է երեխուս շապիկը, ո՞ւմ ավտոյի բագաժնիկում, ով ես դու, որ Գեորգին լինես. զոհվածի հայր
«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից շատերին վրդովվեցնում է այն փաստը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա համակիրները հաճախ քաղաքական նպատակներով շահարկում են պատերազմում նահատակվածների անունները՝ այդ կերպ փորձելով հանրության լայն զանգվածների շրջանում հակաիշխանական կրքեր բորբոքել:
Մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում զոհված Գեորգի Մանուչարյանի հայրը՝ Արտեմ Մանուչարյանը, մեզ հետ զրույցում դժգոհել է, որ Գալստանյանը և նրա համակիրները Տավուշից Երևան հասնելու օրը կրել են նահատակների պատկերներով շապիկներ, որոնց մեջ է եղել նաև իր տղայի՝ Գեորգիի լուսանկարով շապիկը:
Գեորգի Մանուչարյանի հորը հանգիստ չի տալիս այն միտքը, թե այժմ որտե՞ղ է իր որդու լուսանկարով շապիկը:
«Իմ ու բոլոր ծնողների անունից խնդրում եմ՝ թող բերեն շապիկները մեզ տան, ներողություն խնդրեն մեզնից, հետո պարզ կլինի՝ իրանց կներե՞նք, թե՞ չէ։ Ինչի՞ համար են մեր ինքնասիրությանը կպնում, չեն թողնում երեխաներս հանգիստ ննջեն։ Թող թողնեն հանգիստ մեր երեխաներին։ Հիմա մղկտում ենք, ոնց որ կրակի վրա անընդհատ յուղ լցնեն, ամեն անգամ ուզենան մեզ տանջեն։
Չի կարելի, մեր երեխաները գնացել են հայրենիքը պահեն, հանգիստ թողեք։ Հիմա որտե՞ղ է իմ երեխու շապիկը, ո՞ւմ ավտոյի բագաժնիկում է։ Մի քանի օր առաջ էլ մի վիդեո տեսա համացանցում, արդեն ղափանցիներն էին հագել այդ մայկաները։ Չեմ հասկանում՝ ձեռքից ձեռք է գնո՞ւմ։ Սրբազան է, ինչ է, չի՞ ամաչում»,- զայրանում է Արտեմ Մանուչարյանը։