Մամուլ

Սաղաթելյանի տարեկան եկամուտը կազմել է 43 միլիոն դրամ, ունի 8 միլիոն դրամանոց մատանի

Armtimes.com-ը գրում է․ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում համատեղ սեփականությամբ ութ հողամաս ունի, որոնք գնել է 2002-2003 թվականներին։

Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչը 50 տոկոս բաժնային սեփականությամբ մեկ բնակարան էլ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ունի, որը ձեռք է բերվել 2017 թվականին։

Սաղաթելյանը միանձնյա սեփականությամբ 2008 թվականին ձեռք բերված մի բնակարանն էլ, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, 35 միլիոն 200 հազար դրամով վաճառել է:

Վերջինս 2023 թվականին 815 հազար դրամով էլ վաճառել է Գեղարքունիքի Գեղամավան համայնքում գտնվող հողատարածքներից մեկը: Մյուս անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։

Որպես շարժական գույք պատգամավորը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։ Սաղաթելյանի 8 միլիոն արժողությամբ հայտնի մատանին նույնպես պահպանվել է։

Նրա անկանխիկ դրամական միջոցները կազմել են 54.11 դոլար և 512 հազար 383.6 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 դոլար և 1 միլիոն 468 հազար 517.4 դրամ։ Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 89 հազար դոլար, 39 միլիոն 500 հազար դրամ և 28 հազար եվրո։ Տարվա ընթացքում փոփոխվել է միայն 39 միլիոն 500 հազար դրամը՝ դառնալով 59 հազար 866 հազար դրամ։

Սաղաթելյանի տարեկան եկամուտը կազմել է 43 միլիոն 517 հազար 384.1 դրամ, որից 35 միլիոն 200 հազար դրամը եղել է գույքը օտարելուց ստացված եկամուտ (Շուշանիկ Խաչատրյանի կողմից): Ստացված փոխառությունները «Ակբա բանկ» ընկերությունից կազմել են 258 հազար 864.1 դրամ: Վերջինս Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 8 միլիոն 58 հազար 520 դրամ աշխատավարձ։

Իշխանության դեմ կազմակերպվող բոլոր հանրահավաքների ակտիվ առաջնորդող Սաղաթելյանը ունի բնակարանի երկու հիպոթեքային վարկ (40 միլիոն 123 հազար 152.1 դրամ արժողությամբ):

Դաշնակցական պատգամավորի կինը՝ Լիաննա Խաչատրյանն էլ «Ինվեստ հոթել գրուպ» և «Արիանա հյուրանոց» ՍՊԸ-ներում ունի 100 տոկոս բաժնեմաս, 50 տոկոս բաժնեմաս էլ՝ «Մասակա» ՍՊԸ-ում:

Կիսվել