39-ամյա կալանավորը դատարանի դահլիճում վնասել է իր ձեռքերի դաստակները և պարանոցը
Shamshyan.com-ի տեղեկություններով մայիսի 31-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանի /Նազարբեկյան թաղամաս 40/ կարգադրիչների բաժնի պետից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ դատարանում մոտ 30 րոպե առաջ կալանավորի կողմից տեղի է ունեցել ինքնավնասման դեպք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ ժամը 20։00-ի սահմաններում դատարանի 3-րդ հարկի թիվ 5 դահլիճում կալանավոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Վախթանգ Մ․-ն իր մոտ գտնվող կրակայրիչի երկաթե դետալով վնասել է իր ձեռքերի դաստակները և պարանոցը:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։