Վարդան Մինասյանը միացել է Բագրատ Սրբազանի պայքարին․ նրան ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից
Վարդան Մինասյանը միացել է Բագրատ Սրբազանի պայքարին․ նրան ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից
Մայիսի 12-ին, «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր «Ուրարտուին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Հայաստանի գավաթը: Հանդիպումից հետո գավաթակիր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, սակայն, չի ներկայացել պարգևատրման արարողությանը: Նա հրաժարվել է ներկայանալ և սեղմել ՀՖՖ ներկայիս ղեկավարների ձեռքը:
ArmSport-ի տեղեկություններով, Վարդան Մինասյանն ու իր օգնական Արթուր Մկրտչյանը չեն վերցրել իրենց հասանելիք մեդալները ՀՖՖ ղեկավարության հետ առաջացած տարաձայնության պատճառով: Մարզիչներն, ավելի ուշ, տեխնիկական գոտուց միացել են թիմի ֆուտբոլիստներին՝ մասնակցելով տոնակատարությանը:
Ըստ ArmSport-ի տեղեկությունների՝ ՀՖՖ-ում կարող են շատ կոշտ արձագանքել այս միջադեպին: Մասնավորապես, վերջերս տեղեկություններ էին տարածվել առ այն, որ ՀՖՖ-ն մտադիր է Ավանի ակադեմիայի կեսն առանց վճարի՝ նվիրատվությամբ տրամադրել «Արարատ-Արմենիային»:
Երեկվա միջադեպից հետո, սակայն, գործընթացը կարող է սառեցվել: Կայքը նաև տեղեկացրել է, որ «Արարատ-Արմենիան» «Նոայի» հետմայիսի 16-ին կայանալիք «չեմպիոնական» խաղից առաջ կարող է զրկվել մարզվելու համար համապատասխան խաղադաշտ ունենալու հնարավորությունից:
168.am-ի ՀՖՖ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՖՖ ղեկավարությունը մտադիր է Վարդան Մինասյանին զրկել մարզչությունից: Նույն աղբյուրները նշում են նաև, որ ՀՖՖ-ում ոմանք խորհուրդ են տվել նման քայլերի չդիմել, քանի որ դա կարող է մեծ սկանդալի պատճառ հանդիսանալ առանց այն էլ երկրում առկա այս ծանր իրավիճակում: