Երեկ մահացած հայտնաբերված Արտակ Ավալյանը 3 երեխաների հայր էր․ նոր մանրամասներ
Երեկ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից էր: Bavnews.am-ի տեղեկություններով՝ Արտակն ամուսնացած էր, ունի 3 երեխա։
Արտակ Ավալյանը 12 տարի, պայմանագրային հիմունքներով ծառայում էր բանակում:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ 39-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք, որ մայիսի 7-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ N զորամասի պահպանության տեղամասում՝ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։