Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր. վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները
Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Վարազդատ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 68-ամյա Ավետիկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Շամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամայիս Սարգսյանն ու Հայկազ Դալլաքյանը։Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Ա․ Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է։Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։