«Տղաս հպարտանում է ինձնով»․ ավագ սերժանտ Լիլիթ Գրիգորյան
«Ընկերներիս միջոցով տեղեկացա ընդունելության մասին, որոշ ժամանակ քայլ չէի ձեռնարկում, բայց հետո որոշեցի դիմել, առաջին դիմորդներից եմ եղել», այս մասին Iravaban.net-ի «Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագծի շրջանակներում պատմեց Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Երևանի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ սերժանտ Լիլիթ Գրիգորյանը։
«Երեք փուլով քննությունները բարեհաջող անցնելուց հետո 2021 թվականի հուլիսի 7-ից անցել եմ արտաքին ծառայության։ Քաղաքացիական կյանքից եկողի համար բավականին բարդ էր, մանավանդ, որ կին ծառայող ես։ Ընդհանրապես պատկերացում չունեի՝ ուր եմ գալիս, ինչի համար եմ գալիս, բայց քիչ-քիչ, ժամանակի ընթացքում մեր հմուտ գործընկերների շնորհիվ ամեն խնդիր փորձել ենք բերել այն մակարդակի, որ հիմա գրեթե չունենանք այդ խնդիրները»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ ինքն արդեն քաղաքացիական կյանքում էլ է ոստիկան։
«Օրս սկսվում է 04։30-ից։ Ժամը 06։00-ին լինում ենք ծառայության վայրում։ Հերթափոխը լինում է առավոտյան ժամը 07։00-ից մինչև երեկոյան 20։00-ն։ Բազմատեսակ իրավախախտումներ ենք արձանագրում»,-պատմեց Լիլիթը։
Ոստիկանության պարեկային ծառայողը նշեց, որ մարդիկ հիմնականում չեն ուզում իրենց կատարած խախտումը ընկալել և դա խնդիր է։
«Ունենք բարդ քաղաքացիներ, բացատրական աշխատանքներից հետո, իրենք իրենց խախտումն ընդունում են, արձանագրվում է և ասում ենք՝ բարի ճանապարհ։ Յուրաքանչյուր աշխատանքի մեջ դժվարություններ լինում են։ Որ նայենք դժվարություններին, երբևիցե ոչ մի բանի չենք հասնի։ Պետք է առաջ նայել, նպատակ դնել և հասնել դրան»,-ասաց ավագ սերժանտ Գրիգորյանը։