Մամուլ

Հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենայում հանկարծամահ է եղել Կապանի դպրոցի զինղեկը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով «Գրանդ հաուս» հյուրանոցային համալիրից Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ քաղաքացին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Դավթյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ 60-ամյա Հակոբ Հակոբյանն է, ով հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության  համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկն էր։

Կիսվել