Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը մխրճվել է բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Opel Zafira մակնիշի ավտոմեքնան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե եզրաքարին, մի քանի մետր շպրտել այն, առաջ ընթացել, բախվել երթևեկելի գոտուց դուրս՝ ճանապարհի թույլատրված հատվածում կայանված Howo մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ Howo մակնիշի բեռնատարի մեջ:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մահացածին ու վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Թալինի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Վիրավորներից մեկը Թալինի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Opel-ի ուղևորն է, իսկ վարորդն ու մյուս վիրավոր ուղևորը՝ նրա ազգականներն են: