Մամուլ

Մայրություն եմ արել ադրբեջանցի երեխային, նրան փոխանակեցին Ադրբեջանում գերեվարված որդիներիս հետ

Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում արված հարցազրույցը տիկին Անահիտը սոցիալական ցանցում տեսել ու վրդովվել է, որում ադրբեջանցիները լրագրողին ասում են, թե, իբր, հայերը ադրբեջանցի երեխաներին սպանել և կամ խոշտանգել են։ 

Անահիտ Հայրումյանն Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի Լեռնավան (նախկին Ջամիլի) բնակավայրից է։ Ղարաբաղյան շարժումից հետո առաջին պատերազմի նախաշեմին նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ ամուսինը՝ Կառլենը, որդիները՝ Արթուրը, Նորիկն ու Լեոնիդը և ամուսնու եղբայրը՝ Լևիկը գերեվարվել են։ 

«Մի գիշերվա մեջ մազերս ճերմակեցին։ Արդեն ուզում էի խելագարվել։ Դեռ Շուշին ու Խոջալուն ազատագրված չէր, իրավիճակը շատ խառն էր, Արցախի պատմության ճակատագրական փուլն էր։ Ադրբեջանաբնակ որոշ գյուղերում դեռ շարունակում էին ապրել մարդիկ, մտածելով, որ ամեն ինչ կհանդարտվի։ Նրանք բոլորը եկվորներ էին, ովքեր Արցախի տարբեր բնակավայրերում զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ։

Խորհրդային տարիներին դա օրինաչափ էր և ընդունված կարգ, որտեղ կցանկանայիր՝ կապրեիր։ Երբ ամուսինս, որդիներս գերության մեջ էին, ես դիմել եմ խորհրդային Ստեփանակերտի բոլոր գերատեսչություններին, որ գոնե տղաներիս ազատ արձակեն, բոլորն ասում էին «սպասեք»։ Ավելի ուշ Կառլենին գեներալ Ղարիբովի հրամանով տեղափոխում են Բաքու, այնտեղ անգամ հաց չեն տվել, էլ չեմ պատմում այն դաժանությունների մասին, որ կիրառել են և՛ Կառլենի, և՛ Շուշիի բանտում գտնվող տղաներիս նկատմամբ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմել է արցախցի կինը։ 

Նրա ամուսնուն Ղարաբաղում գրեթե բոլորն էին ճանաչում։ Ուստի, Անահիտն ասում է, որ պատահական չէր Կառլենի գերեվարումը։ Իսկ Շուշիում գտնվող որդիներից 16-ամյա Լեոնիդին տանում էին ավագ եղբոր խցի մոտ՝ աչքի առաջ ծեծում։ 

«Ամեն ինչ անում էին նվաստացնելու համար, իսկ մենք՝ հակառակը, գերիներին այնպես լավ էինք վերաբերվում, մտածելով, դե հիմա ի՞նչ մեղք ունեն էս մարդիկ։ Պատերազմներում ընդունված կարգ է եղել պատանդ վերցնել՝ գերեվարվածների հետ փոխանակել։ Այդ հարցում ինձ շատ օգնեց եղբայրս։ Գիտակցելով, որ գոնե այդպես կկարողանանք տղաներիս հետ բերել Շուշիի բանտից, գիշերը Խոջալուից բերել է 21 տարեկան մի ուսանողուհու՝ Սևինջ անունով։

Հետո Ղուչուլար տեղամասից 60-ամյա մի տղամարդու են բերել՝ Կաֆար անունով, ավելի ուշ՝ 37 տարեկան Սևիլ անունով մի կնոջ իր 11-ամյա Ջեյհուն անունով որդու հետ։ Սկզբից վախենում էին։ Ես նրանց ասացի, որ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում, բերել ենք փոխանակման համար։ Երբ նրանք իմացան եղելությունը, իմ ապրումները, հասկացան ինձ։ Բոլորն իմ տանն էին։ Մայրություն էի անում։ Միասին քնում, միասին արթնանում էինք, հրթիռակոծության ժամանակ նկուղում էինք ապրում»,-պատմել է նա։ 

Անահիտ Հայրումյանի խոսքով՝ ադրբեջանցի գերիները 3 ամիս մնացել են իր տանը, օգնել են տան աշխատանքում, միասին ճաշ են պատրաստել, կերել, տան գործերով զբաղվել։ 

«Չեմ թողել, որ մի օր սոված մնան, կամ որևէ մեկը նեղացնի, վիրավորի կամ վատ բան ասի։ Իրենք էլ իրենց աչքով տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները հրթիռակոծում հայկական բնակավայրերը։ Ժամանակ առ ժամանակ քաղաք էինք գնում։ Իրենց տեսածից զարմացել են, որ ադրբեջանցի ծառայողները խոշտանգել են հայ երեխաներին, կամ ականջ ու վիզ են կտրել։ Այնպես էին հիասթափվել իրենց ազգից, որ որոշել էին այլևս Ադրբեջան չվերադառնալ, Սևինջը նույնիսկ ասել է, որ Աշխաբադ է գնալու, եղբոր մոտ»,- հիշել է նա։ 

Անահիտի և արցախցիների հանդեպ վստահությունն այնքան մեծ է եղել, որ Սևիլն իր 11-ամյա որդուն թողել է Անահիտի մոտ, նրա տղաներին վերադարձնելու հարցով գիշերը թաքուն Աղդամով անցել ադրբեջանական կողմ։ Օրեր անց հեռուստատեսությամբ հայտարարել, որ իր երեխան և հարազատները այս պահին գտնվում են գերության մեջ և պետք է փոխանակում կազմակերպել:

«Ես անձամբ եմ տեսել նրա ելույթը, անգամ ասել է, որ իր երեխային վերադարձնելու համար ադրբեջանցի ծառայողները գումար են պահանջել։ Ինչևէ, ես ադրբեջանցի գերիներին այնքան լավ եմ պահել, որ նրանք անգամ չեն ցանկացել գնալ իրենց երկիր։ Սևինջը մեկ անգամ չէ, որ ասել է՝ «ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, ես աշխարհին պատմելու եմ իմ ազգի ամոթի մասին:

Ավելի ուշ աղդամցի Մամեդովը, որ ամուսնուս լավ էր ճանաչում, կազմակերպում է տղաներիս վերադարձը, փոխանակում է տեղի ունենում։ Տղաներս, որ այդ ժամանակ 16, 18 և 19 տարեկան էին, չեք պատկերացնում ինչ վիճակով են վերադարձել․ ծեծված, խոշտանգված, հյուծված, օրերով ո՛չ հաց են կերել, ո՛չ ջուր են խմել, ռեժիմով ծեծել են միայն ազգային պատկանելության համար»,- արտասվել է կինը: 

Ապա հիշել, որ ադրբեջանցի գերիները գրկախառնությամբ են իրեն հրաժեշտ տվել, իսկ 11-ամյա Ջեյհունը նույնիսկ չէր ուզում գնալ. «Գրկել ու լաց էր լինում, նրան այնքան ազատություն էինք տվել, դարձել էր մեր ընտանիքի անդամը, խաղում էր մեր բարեկամի երեխաների հետ, ամեն ինչում օգնում էր։ Նույն կերպ էին վերաբերվում նաև մյուսները։ Ինձ պես ուրախացել էին զավակներիս վերադարձով»։ 

Իսկ ադրբեջանական գերության մեջ գտնվող Կառլեն Հայրումյանը մեկ տարի անց է փոխանակվում և վերադառնում ընտանիք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել