Մամուլ

Արդեն մի քանի օր է՝ մեր ընտանիքն անցնում է անասելի դժոխքի միջով

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկու ամսով կալանավորվել է։ Վերջինս «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Աշոտ Հովհաննիսյանի մյուս հարսը՝ Տաթև Օհանյանը ևս, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սկեսրայրի կալանավորմանը՝ գրելով.

«Արդեն մի քանի օր է՝ մեր ընտանիքն անցնում է անասելի դժոխքի միջով: Ամեն անգամ, երբ բախվում եմ ամուսնուս հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի անհիմն կալանավորման իրականությանը, ուղեղիս մեջ տեղի է ունենում մի մեծ երկրաշարժ: 

Մարդ, ով ունի հսկայական ներդրում ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս, Մարդ, ում ստեղծած ընկերությունը ՏՏ լուծումներ է տրամադրում հակակոռուպցիոն ոլորտում բազմաթիվ երկրների կառավարություններին և այնպիսի միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը, Միջամերիկյան զարգացման բանկը, ՄԱԿ-ը: Այսօր նա ճաղերի ետևում է: 

Գրում եմ այս տողերը, և ուղեղիս երկրաշարժը քանդում է բանականության դաշտում եղած ամեն մի կառույց, փշրում և գետնին հավասարեցնում արժեք ունեցող բոլոր սյուները:

Սակայն արագ հասկանում եմ, որ այդ երկրաշարժն արհեստական է և որքան էլ ուժգին լինի, այն երբեք չի կարող տապալել այն ամենը, ինչ ստեղծվել է այս Մարդու կողմից երկար տարիների ընթացքոմ՝ հազարավոր աշխատատեղեր, բազմաթիվ երկրներում միլիոնավոր մարդկանց բարելավված կյանքեր, տասնյակ երկրների կառավարությունների թափանցիկությանն ու արդյունավետությանն ուղղված համակարգեր, իր մեջքին կանգնած միջազգային կառույցներ, նվիրված ընկերներ և ուժեղ ընտանիք… 

Եվ այս հզոր արժեքները ոչ ոք երբեք չի կարող «կալանավորել»:

Կիսվել