Երևանը Բաքվին կտա ականապատ տարածքների նոր քարտեզներ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկատառումներից՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների, Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԼՂ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ, ականապատ տարածքների նոր քարտեզներ): Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
«Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու համար և հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային և աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:
Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»,- նշված է հաղորդագրության մեջ: