Ավտովթար, հրդեհ՝ Երևանում․ վարորդին վառվող ավտոմեքենայից, վտանգելով իր կյանքը, դուրս է բերել մասիսցի երիտասարդ մի տղա
Ավտովթար, հրդեհ՝ Երևանում․ վարորդին վառվող ավտոմեքենայից, վտանգելով իր կյանքը, դուրս է բերել մասիսցի երիտասարդ մի տղա
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը և ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին առաջինը օգնության է հասել Մասիս քաղաքի բնակիչ երիտասարդ մի տղա, ով, վտանգելով իր կյանքը, կրակի միջից կարողացել է դուրս բերել վարորդին, ում այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և ջրատար։
Հրշեջները մեծ դժվարությամբ են կարողացել մարել կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Արծրուն Ռտոյանն ու Արամ Ենոքյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը։
Հիվանդանոց տեղափոխվելիս վարորդը ասում էր, որ ավտոմեքենայում բացի իրենից ևս 3 հոգի են եղել։ Կրակը մարելուց հետո փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան․ բարեբախտաբար վարորդի հայտնած տեղեկությունը իրականությանը չէր համապատասխանում։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Գրիգորյանի անվամբ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդին վառվող ավտոմեքենայից դուրս բերող երիտասարդը Մասիսի բնակիչ 26-ամյա Ալեքսանդր Այվազյանն է, ով ավելի շատ հայտնի է Սաշ անունով: