Մամուլ

Արցախցիների հետ հանդիպումից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախցիների հետ հանդիպումից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Երևանում Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որի ավարտից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մի խումբ քաղաքացիների հետ հանդիպել եմ քիչ առաջ, նրանց պարզաբանումներ եմ տվել իրենց իսկ հնչեցրած հիմնական հարցերի վերաբերյալ: Դրանց մեծ մասը սոցիալական բնույթի են, տրվել են բոլոր հարցերի պատասխանները: Մենք պատրաստ ենք նաև գույքագրել ընդհանուր կարիքները և ներկայացնել համապատասխան տեղեր, բոլոր հարցերը չէ, որ մենք ի զորու ենք լուծել:

Որոշել ենք էստեղ հատկացնել 2 սենյակ, մարդիկ կամավոր գույքագրեն մյուսների կարիքները, կզբաղվենք այդ հարցերով:

Մյուս հարցերը քաղաքական բնույթի են: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց կան հարցեր, որոնք չեմ կարող բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ են պարունակում: Խնդրում եմ էսքանով սահմանափակվել:

Մեր դռները բաց են՝ լուծելու ձեր հարցերը, խնդրում եմ մեր արցախցիներին սթափ և զգոն լինել այս հարցերի շուրջ, իրար մեջ պետք չէ սադրանքների գործելաոճ դրսևորել, երբևէ ես հրաժարվել չիմ ձեր հարցերին պատասխան տալուց: Հիմա խնդրում եմ ցրվեք, զբաղվեք ձեր գործերով, ես համոզված եմ, որ ունեք հարցեր. այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է համբերություն:

Կրկնում եմ` ամեն ինչ պետք է անենք, որ չվտագենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հետագա ճակատագիրը: Կան հարցեր, որոնք ես ի վիճակի չեմ պարզաբանել, պատասխան տալ:

Եթե մարդ կա, որ անհատական հարցեր ունի, ես այստեղ եմ, պատրաստ եմ լսել, բարձրացեք»,- ասաց Շահրամանյանը և ներս մտավ:

Քաղաքացիները նրա հետևից հարց ուղղեցին՝ ի՞նչ Արցախի անվտանգություն, եթե Արցախ չկա: Քաղաքացիները չեն շտապում լքել տարածքը, տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Կիսվել