Մամուլ

Ինչ է տեղի ունեցել Կութում

Ինչ է տեղի ունեցել Կութում

Hraparak.am-ը գրում է․ Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Ադրբեջանի Զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ»: 

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կապվեց մեզ հետ եւ տեղեկացրեց, որ ՊՆ հաղորդագրությունը չի ներկայացնում ամբողջ իրավիճակը. «Ես հստակ տեղեկություն ունեմ, որ կրակոցների հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, սակայն ՀՀ ՊՆ-ն դեռևս լռում է այդ մասին»,-ասաց Պողոսյանը։

Կապ հաստատեցինք Գեղարքունիքի մարզի Կութ վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Ավագյանի հետ, ով ասաց, որ ինքը ևս լսել է՝ կրակոցները եղել են դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ։ Հարցին, արդյոք տեղյա՞կ է՝ կրակոցների հետևանքով զոհի կամ վիրավորների մասին տեղեկություններ կա՞ն, ասաց․ «Ես նման բան չեմ լսել։ Կարծես թե ՊՆ հաղորդագրության մեջ էլ նման բան չկար»։

Կութի ղեկավարն ասաց նաեւ, որ հայկական դիրքերը գյուղի անմիջական հարևանությամբ չեն ու երբ անձրևոտ կամ քամոտ եղանակ է լինում, միջդիրքային կրակոցները կարող են գյուղում և չլսվել։ Գյուղի բնակիչները ևս տեղյակ չէին զոհերի կամ վիրավորների մասին։

Իսկ 10 րոպե առաջ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց. «Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ:

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»:

Կիսվել