Մամուլ

Գնաճը շարունակվում է. Ինչո՞ւ է Հայաստանում ապրելն այսքան թանկացել

Գնաճը շարունակվում է. Ինչո՞ւ է Հայաստանում ապրելն այսքան թանկացել

168.am-ը գրում է․ Վերջին ամիսներին Հայաստանում գնաճ չկա, նույնիսկ գնանկում է արձանագրվում։ Բայց անգամ այդ պայմաններում, առաջին անհրաժեշտության մթերքների գներով Հայաստանը, մասնավորապես՝ Երևանը, առաջատար է դարձել ԵԱՏՄ երկրներում։

Որքան էլ տարօրինակ լինի, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները Երևանում ավելի բարձր են, քան նույնիսկ Մոսկվայում, որը միշտ էլ թանկ քաղաք է համարվել։ Եվ ոչ միայն ԵԱՏՄ, այլև աշխարհի մակարդակով։ Հիմա Երևանն անգամ Մոսկվային է անցել։

Թեև բարձր գները միայն Երևանով չեն սահմանափակվում։ Այդպես է ամբողջ Հայաստանում։ Ու երբ ասում ենք՝ Երևան, պետք է հասկանալ նաև մյուս բնակավայրերը։

Երևանը թանկությամբ առաջ է անցել Մոսկվայից, երբ Մոսկվայում ապրողների եկամուտներն ու կենսամակարդակն անհամեմատ ավելի բարձր է, քան Երևանում։ Ու դա նշանակում է, որ Երևանում տեղի է ունեցել մարդկանց սոցիալական վիճակի վատացում՝ Մոսկվայի կամ ԵԱՏՄ այլ երկրների համեմատ, կապ չունի, որ Հայաստանում գնաճ չկա, նույնիսկ գնանկում է։

Անցած տարվա համեմատ գնանկում է արձանագրվում, բայց գները նախկինի համեմատ շարունակում են շատ բարձր լինել։ Այդպես է, որովհետև նախկինում առաջին անհրաժեշտության ապրանքների գները Երևանում շատ ավելի արագ են բարձրացել, քան ԵԱՏՄ այլ երկրներում։ Ու հիմա չնայած գնանկում է, նախկին ակտիվ գնաճի հետևանքով գները շարունակում են ավելի բարձր լինել։

Բարձր են ոչ միայն ներկրվող, այլև տեղում արտադրվող այնպիսի ապրանքների գները, որոնց ավելցուկ ունենք։

Զարմանալ կարելի է, երբ Երևանում կարտոֆիլը կարող է ավելի թանկ լինել, քան Մոսկվայում կամ Բիշքեկում ու Աստանայում։ Կարտոֆիլն այն եզակի ապրանքներից է, որով Հայաստանն ինքնաբավ է, նույնիսկ գերարտադրություն ունի ու արտահանում է։ Բայց այդ ապրանքատեսակի իրացման գները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան Մոսկվայում, որտեղ նաև հայկական արտադրության կարտոֆիլ է արտահանվում։

Կարտոֆիլը եզակի տեղական մթերքը չէ, որը Հայաստանում ավելի թանկ է, քան ԵԱՏՄ այլ երկրներում։ Այդպես է նաև բազմաթիվ այլ գյուղմթերքների պարագայում։ Ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ գյուղատնտեսությունը 5 տարի անընդմեջ անկումային է եղել, գյուղմթերքի արտադրության ծավալները վերջին տարիներին անընդհատ կրճատվել են։

Արտադրությունը կրճատվել է, հայտնի պատճառներով արտաքին պահանջարկը՝ ավելացել։ Դա էլ հանգեցրել է գների այդպիսի բարձրացումների։

Անգամ վերջին ամիսներին արձանագրվող գնանկումից հետո, դրանք ավելի բարձր են մնում՝ հացամթերքը, մակարոնեղենը, մսամթերքը, ձուն և այլն։

Ոչ միայն տեղում արտադրվող, նաև ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի գներն են Հայաստանում ավելի բարձր, քան ԵԱՏՄ այլ երկրների մայրաքաղաքներում։ Այն դեպքում, երբ ի տարբերություն ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների, որոնք երբեմն բավական կտրուկ արժեզրկվել են, Հայաստանում դրամն էապես արժևորվել է։ Տարեկան կտրվածքով առնվազն 20 տոկոսի չափով։ Դա հանգեցրել է ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ բազմաթիվ առաջին անհրաժեշտության մթերքների ինքնարժեքի նվազման։

Բայց անգամ այդ պարագայում Երևանում առաջին անհրաժեշտության, նաև ներմուծվող սննդամթերքի գներն են ավելի բարձր։

Պատճառներից մեկն էլ թույլ մրցակցությունն է ու պատշաճ վերահսկողության բացակայությունը։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե Հայաստանում մենաշնորհներ չկան և արդար մրցակցություն է, դրանից մրցակցային միջավայրն ավելի լավը չի դառնա։ Տեսնում ենք, թե ինչ է տվել «արդար մրցակցային միջավայրը»։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շատ հաճախ զբաղված է ոչ թե շուկայում արդար գնագոյացման հաստատման խնդիրներով, որքան ձևավորված բարձր գներն արդարացնելով ու հիմնավորումներ փնտրելով դրանց համար։ Դրամն արժեզրկվում է, ներմուծվող ապրանքների գները միանգամից բարձրացնում են, ասում են՝ արդարացված է։ Դրամն արժևորվում է, այն էլ այսքան կտրուկ, գները չեն իջնում, նույնիսկ շարունակում են բարձրանալ, էլի ասում են՝ արդարացված է։

Այսպիսին է Հայաստանում արդար մրցակցությունը։ Զարմանալի չէ, որ Երևանն առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացումների առումով առաջատարն է ԵԱՏՄ-ում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել