Մամուլ

Միայն արագաչափերին ու «կամերաներին» վարորդները 6․5 միլիարդ են վճարել

Միայն արագաչափերին ու «կամերաներին» վարորդները 6․5 միլիարդ են վճարել

Oragir.News-ը գրում է․ Բազմաթիվ վարորդներ ահազանգում են, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը հատկապես մայրաքաղաքում միտումնավոր տեղադրվում են այնպիսի վայրերում, որ ոչ թե կանխեն հնարավոր վթարները, այլ պարզապես վարորդները տուգանվեն։

Օրինակ՝ հետիոտնային անցումից հետո, ոչ թե առաջ, ծառերի ետևում և այլն։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Oragir.News-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են․

«Երթևեկության վերահսկման տեխնիկական միջոցները տեղադրվում են խաչմերուկներում, ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությունների հիման վրա։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների ցանկը, ինչպես և դրանց գործարկման վերաբերյալ հայտարարությունները հրապարակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում»։

Գրավոր հարցման մեջ նշել էինք նաև, թե 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արագաչափերի և տեսախցիկների արձանագրած խախտումների արդյունքում որքա՞ն գումար է գոյացել և ո՞ւր է գնում այդ գումարը։

«Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով արձանագրված վարչական իրավախատումներով կայացված որոշումների դիմաց վճարումներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության թիվ 900013150058 բյուջետային հաշվեհամարին և 2023թ․ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում փաստացի գանձված գումարը կազմում է 6․389․243․921 (վեց միլիարդ երեք հարյուր ութսունինը միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ»։

Կիսվել