Մամուլ

Շան կծածով 4 երեխա տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ

Շան կծածով 4 երեխա տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ

Օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ժամը 16։36-ին դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաև ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ․Սարգսյանը:

Ժամը 16։40-ին սկսվել են որոնողական աշխատանքները։ Պարզվել է, որ չորս քաղաքացի (Գ․ Վ․ (ծնված 2013 թ․), Ս․ Թ․ (ծնված 2012 թ․), Հ․ Ա․ (ծնված 2020 թ․), Վ․ Վ․ (ծնված 2018 թ․)) շան կծածով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել են քաղաք Երևան։

Ժամը 18:08-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են կատաղած շանը և փողային ներարկիչի միջոցով քնեցրել, իսկ ժամը 18։30-ին հանձնվել է իրավասու մարմիններին:

Շան որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի գլխավորությամբ, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի ղեկավարությամբ։

Կիսվել