Ցավալի դեպք Երևանում. Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս շպրտվել և հայտնվել է BMW-ի սրահում և տեղում մահացել
Ցավալի դեպք Երևանում. Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս շպրտվել և հայտնվել է BMW-ի սրահում և տեղում մահացել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:45-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենան Ագաթանգեղոս 28/6 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և ընկել BMW մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա՝ ողջ մարմնով հայտնվելով ավտմեքենայի մեջ:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, BMW-ի վարորդին էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնություն բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Suzuki-ի վարորդին բժիշկները նույնպես տեղափոխել են հիվանդանոց։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկներ՝ Լուսինե Պետրոսյանը, Գևորգ Մնացականյանն ու Անահիտ Ասատրյանը տարածքը սահմանազատել են, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները ովքեր դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: